ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մենք չգիտենք, թե իրականում ով է կանգնած Ադրբեջանի թիկունքին. գուցե մեզ բարեկամ ներկայացող մե՞կն է »

«Մենք չգիտենք, թե իրականում ով է կանգնած Ադրբեջանի թիկունքին. գուցե մեզ բարեկամ ներկայացող մե՞կն է »
01.05.2009 | 00:00

«ՀՈՂԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ԱՊՐԵՍ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵՍ ԱՅԴ ՀՈՂԻ ՎՐԱ, ԾԱՌ ՏՆԿԵՍ ՈՒ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ ՈՒՆԵՆԱՍ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Հարցազրույցը ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑՈՒ հետ կայացել է նրա հայաշունչ ու հայաբույր տանը: Գեղանկարչուհին զբաղված էր իր «Անցյալի մասունքներ» գրքի տպագրության հոգսերով, որը տպարանում է և շուտով կդրվի արվեստասեր ընթերցողի սեղանին:
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է»
-Տիկի՛ն Լուսիկ, ազգային տարազ կրելը Ձեզ համար զուտ արտաքին բարետեսության նախապայմա՞ն է, թե՞ ազգային ինքնությանը հավատարիմ մնալու ենթատեքստ է պարունակում:
-Ավելի շատ ազգային ինքնությունը շեշտելու ձև է: Մենք այն ազգն ենք, որ շատ կոտորածներ ու ավերածություններ է տեսել: Իսկ ինձ համար ժողովրդական մշակույթը բարձրագույն արժեք է, դրա մեջ ընդգրկված է ամեն ինչ՝ երգ, երաժշտություն, ծիսակատարություններ, լեզու, բարբառներ և, իհարկե, տարազ: Ազգերը միմյանցից տարբերվում են ոչ միայն մաշկի գույնով, դիմագծերով, մարդաբանական ինչ-ինչ հատկանիշներով, այլև ժողովրդական մշակույթով և դրանում էական դեր ունեցող ազգային տարազով: Հայ կնոջ կերպարը ներկայացնելու առումով շատ կարևոր է տարազը:
-Որպես ազգային ինքնության ջատագովի՝ Ձեզ չե՞ն անհանգստացնում Եվրոպային ինտեգրացվելու մեր անզուսպ մղումները:
-Պատմությունից գիտենք, որ հայ ժողովուրդը հազարամյակներ առաջ էլ ենթարկվել է օտարների ազդեցությանը, մեզ թելադրվել, պարտադրվել են օտար սովորույթներ: Հիմա էլ Եվրոպան է բերում իր բարքերը: Բայց մենք՝ որպես ազգ, իրավունք չունենք ինքնակամ ձուլվելու օտարներին, մոռանալու մեր ազգային մշակույթը: Գիտակցորեն պիտի պահպանենք մեր արժեքները: Գլոբալիզացիայի երևույթը եղել է բոլոր ժամանակներում, դա նոր բան չէ: Պարզապես հիմա՝ զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում, շփումը, փոխազդեցությունն ավելի արագ են կատարվում: Այստեղ շատ կարևոր է նաև անհատի դերը, մշակույթով ապրող, ստեղծագործող մարդու դերը: Հաճախ հասարակությունը հետևում է այդպիսի անհատների օրինակին: Եթե նրանք պահում են ազգային մշակույթը, ծեսերը, տարազը, ապա հասարակությունն էլ ազդվում է նրանց օրինակից:
-Մեր ժողովրդին բնորոշ է մշակույթի, մշակույթ ստեղծողի, պահպանողի նկատմամբ առանձնահատուկ պատկառանքի զգացումը: Օրինակ, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում պահպանվում է մի ցուցանմուշ՝ ձեռնափայտ, որն ասվածի ամենախոսուն վկայություններից է: Այն ամենայն հայոց բանաստեղծուհուն են նվիրել քրեական աշխարհի հեղինակությունները՝ հավաստիացնելով, որ նրա տունը բոլոր ժամանակներում ապահովագրված է հանցագործների ոտնձգություններից: Այս համապատկերի մեջ կարծես թե չի տեղավորվում Ձեր տան վրա կատարված ավազակային հարձակման փաստը: Ըստ Ձեզ՝ հատկապես ինչո՞վ էիք գայթակղել այդ ավազակախմբին:
-Երբեմն գողը չգիտի, թե ում տուն է մտնում: Նա ուրիշի թելադրանքով է հայտնվում այս կամ այն տանը: Եթե մենք մշակույթով ենք ապրում, ուրեմն հարուստ մարդիկ ենք: Բայց հարուստ ենք ոչ թե փողով, այլ հոգով, հարաբերություններով, ապրելակերպով, կենցաղով: Եվ երբ մարդկանց շրջանում մեր հարստության մասին խոսվում է, բերնեբերան անցնում է այդ թեման, մենք նրանց պատկերացումներում դառնում ենք միլիոնատեր: Պատահական չէր, որ այդ հարձակումը եղավ մարտյան դեպքերի օրերին: Այդ ընթացքում քաղաքն անկառավարելի վիճակում էր, և ոմանք ընկել էին սև ցուցակի մեջ: Իմ տուն ներխուժած ավազակը զարմացել էր, իր համար էլ էր անսպասելի, թե ուր է ընկել: Նա չէր էլ հասկանում, թե ինչ արժեքներ կան իմ տանը: Իրեն միայն փողն էր հետաքրքրում: Իսկ մենք փող չունեինք: Տվեցինք մեր պապենական զարդերը, ոսկեղենը, որի շնորհիվ իմ ընտանիքի անդամները փրկվեցին: Փոքրիկ սխալը կարող էր ճակատագրական դառնալ մեզ համար:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Է ԱՌՆՉՎՈՒՄ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՇԱՏ ԶԳՈՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ»
-ՈՒղղակի առնչություն ունեցե՞լ եք մարտյան դեպքերին, անձամբ ներգրավվա՞ծ եք եղել այդ իրադարձությունների մեջ:
-Ո՛չ: Յուրաքանչյուր մարդ իր գործը պիտի անի: Ես մշակույթի մարդ եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց շունչն զգում եմ: Կարծում եմ` քաղաքական ղեկավարի գործը դժվար է ու պատասխանատու: Քաղաքական գործիչը մարդկանց ճակատագրի հետ է առնչվում, հետևաբար շատ զգոն պիտի լինի: Բայց երբ վտանգ կա մթնոլորտում, այն զգում ենք բոլորս: Այդ օրերին երիտասարդներ զոհվեցին, եղբայրը եղբոր դեմ էր դուրս եկել, մարդիկ զինված էին: Ես դա չեմ ընդունում: Այսօր բարքեր են փոխվել, ստեղծվել են բազմաթիվ խմբավորումներ, նրանց մեջ անհաշտ պայքար է ընթանում: Տարբեր խմբավորումներ և ուղղություններ կան նաև նկարչության մեջ, բայց մենք չենք պայքարում միմյանց դեմ, չենք պատերազմում, չենք ոչնչացնում իրար: Իսկ քաղաքականությունը շատ բարդ բան է: Այստեղ հակասությունները միշտ հանգեցնում են ծանր հետևանքների: Ինչքա՜ն խոշոր պատերազմներ են եղել, ինչպիսի՜ հզոր պետություններ են ավերվել քաղաքական խաղերի պատճառով: Քաղաքականությունը մի ուրիշ հասկացություն է, որից ես շատ հեռու եմ:
-Իբրև Հայաստանի քաղաքացի՝ ինչպե՞ս եք գնահատում մեր երրորդ նախագահի մեկ տարուց ավելի պաշտոնավարելու ընթացքը:
-Չեմ կարծում, որ մանր հարցերին պետք է տալ լուրջ նշանակություն: Բայց որ մեր երկրում խոշոր հարցեր են լուծվել այս ընթացքում, քաղաքաշինություն է ընթանում, ուղիներ են փնտրվում երկիրը հզորացնելու համար, ես այդ ամենը մեծ հաղթանակ եմ համարում: Մեր հարևանները ուժեղ են, ուրեմն մենք էլ պիտի հզորանանք ու նրանցից հետ չմնանք: Նրանք քանակով են հարուստ, մենք՝ մտքով: Մեր մտավոր կարողությունները շատ բարձր են: Հզոր անհատներ ունենք, որպիսիք չունեն մեր հարևանները: Համամարդկային արժեքներ ստեղծող մտավորականներ, արվեստագետներ ունենք: Եվ մեր քաղաքական գործիչներն այս բաները պիտի լավ գիտակցեն:
«ԻՆՉՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՓՈԽՎՈՒՄ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՍՏԱՌՆԵՐԸ»
-Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում պետք է գտնվի այնպիսի ձևաչափ, որն ապահովի հաղթանակ երեք պետությունների համար: Իրականում հնարավո՞ր է գտնել հաղթանակի այնպիսի տարբերակ, որն ընդհանուր լինի Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար միաժամանակ:
-Բացարձակ պարտության և բացարձակ հաղթանակի մասին խոսելը սխալ է: Մենք արդեն շատ բան ենք տանուլ տվել: Արցախն ազատագրել ենք, բայց Հյուսիսային Արցախ ենք կորցրել: Ամբողջ Շամխորի շրջանը հայաթափվել է: 1915-ի զոհերի ու կորուստների մասին էլ չխոսենք: Մինչև 1800 թվականը ինչպիսի՜ հայեր են ապրել Բաքվում` թե՛ մեծահարուստներ, թե՛ մտավորականներ: Նույնը և` Թիֆլիսում: Կառուցել-շենացրել ենք այդ քաղաքներն ու դուրս եկել: Որքա՜ն դժվար կառուցել ենք ու որքա՜ն հեշտ կորցրել: ՈՒրեմն չի կարելի խոսել ընդհանուր հաղթանակի մասին: Նախ` ես Ադրբեջանը չեմ համարում մեծ պետություն, ադրբեջանցիներին` մեծ ազգ: Նրանք չունեն լուրջ ազգային մշակույթ: Ատրպատականի ժողովուրդն է, որ Պարսկաստանից եկավ-լցվեց Բաքու ու դարձավ պետություն: Իսկ հայերն այդ ընթացքում Արևմտյան և Արևելյան Հայաստաններում ունեին հզոր մտավորականություն, հարուստ վաճառականություն, որոնք հայտնի էին ամբողջ աշխարհում: Բայց քաղաքականության մեջ հաղթանակն այլ կերպ է լինում: Ինչպես քաղաքականությունն է փոխվում, այնպես էլ ադրբեջանցիներն են փոխում իրենց աստառները: Դիվանագետ ազգ են: Մենք էլ երևի, պիտի այդպիսին լինենք, բայց չենք կարողանում, որովհետև ազնիվ ենք, շիտակ: Ամեն դեպքում, պետք է հնարավորն անենք, որ խուսափենք պատերազմից: Ափսոս է մեր երիտասարդությունը: Եվ, բացի այդ, չգիտենք էլ, թե իրականում ով է կանգնած նրանց թիկունքին. գուցե մեզ բարեկամ ներկայացող մե՞կն է: Ի՞նչ իմանաս: Ես հաղթանակ կհամարեմ այն, որ կարողանամ գոնե մեկ անգամ լինել իմ ծննդավայր Նախիջևանում, իմ տանը: Ադրբեջանցին ինչո՞ւ պետք է ապրի իմ պապերի կառուցած տան մեջ, ինչո՞ւ պետք է քանդի հայկական եկեղեցին, որում մկրտվել են իմ նախնիները: Ես սրա համար ո՞ւմ մեղադրեմ, սրա մեջ ի՞նչ հաղթանակ տեսնեմ: Այդ ազգի դեմ պայքարի որևէ տարբերակ չեմ տեսնում: Դրանք նման են սաջի հացին, որը աջ ու ձախ կողմ չունի: Որ կողմ շուռ ես տալիս, նույնն է` ի տարբերություն մեր թոնրի լավաշի: Այդպես էլ նրանց քաղաքականությունն է: Միշտ կարողացել են պարագաներն ի շահ իրենց շրջել ու դրանցից օգտվել: Մեր քաղաքական գործիչները պիտի կարողանան մեծ դիվանագիտություն բանեցնել, որպեսզի նրանց յուրաքանչյուր խոսքից, յուրաքանչյուր քայլից կառչելով` հասնեն իրենց նպատակների իրագործմանը: Ադրբեջանցին կարող է այնպե՜ս բամբասել, այնպիսի՜ միջոցների դիմել, այնպիսի՜ բաներ սարքել, որ ուղղակի կզարմանաս, պատասխան քայլը չես գտնի: Իսկ մենք այդպիսին չենք: Մենք պարզապես ուզում ենք գեղեցիկ ապրել, արարել, ստեղծագործել: Մեր քաղաքները, մեր գյուղերը տեսնելով միայն` դա կհասկանաս: Ես 40-50 տարի գնում էի Ագուլիս` իմ պապերի երկիրը: Որևէ ադրբեջանցի այնտեղ քարը քարին չէր դնում: Ոչ մի թուրք իր տունը չէր սարքում-շենացնում: Իսկ հայի տունը միշտ վերանորոգվում էր, գեղեցկանում: Ես այդ ազգի մասին չեմ կարող ասել, թե ինչ-որ բան արարելու, ստեղծելու ունակ է: Դա զավթող ազգ է: Նրանց խոսակցության հիմնական թեման թալանն է, կողոպուտը, հայերի հարստությունը յուրացնելը: Երբ 1987-ին ինձ Օրդուբադում ձերբակալեցին, և ես ասացի, որ սա իմ պապերի կառուցած երկիրն է, նրանք շատ զարմացան: Երբեք չեն ընդունում, որ դա մեր կառուցած երկիրն է:
-Մինչ հայ-ադրբեջանական բացահայտ հակամարտությունը, մինչ Ձեր ձերբակալությունը ինչպե՞ս էիք Ձեզ զգում Ագուլիսում:
-Ես մշակույթով էի ապրում: Իմ պապն ու տատը երաժիշտներ են եղել, այդ ազգի մեջ ճանաչված, սիրված մարդիկ են եղել, նվագել են հարսանիքներում: Դրա համար ես ազատ ելումուտ ունեի այդ տարածք: Մինչև ութ տարեկանն ապրել եմ Ագուլիսում, հետագայում` մինչև 1966 թիվը, ամառներն եմ անցկացրել այնտեղ: Այդուհետ էլ` մինչև 87 թիվը, ամուսնուս հետ ամեն ամառ գնացել եմ ու նկարել: Պիտի ասեմ, որ տեղացի ադրբեջանցիները շատ տարբերվում էին Բաքվի նշանակած պաշտոնյաներից: Վերջին տարիներին եկել էին նոր ղեկավարներ, որոնք առհասարակ հայերին թույլ չէին տալիս մուտք գործել Նախիջևան: Սկզբնական շրջանում ինձ շատ լավ էին ընդունում, հյուրասիրում էին, հարսանեկան սեղանների ամենապատվավոր տեղում նստեցնում: Բայց երբ վերջին անգամ` 1988-ից առաջ, գնացի, ասացին, որ նույնիսկ իրավունք չունեմ այդ երկիր մտնելու, հայտարարեցին, թե իմ ներկայացրած փաստաթղթերը կեղծ են: Հասկացա, որ այլևս հայերին թույլ չեն տալու մտնել Նախիջևան: Իհարկե, բարեբախտություն էր, որ կարողացա բավականին արժեքավոր մասունքներ դուրս բերել այնտեղից` արծաթյա գոտիներ, խաչ, կնիք, որոնք պատկանել են հայերին:
«ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԵՐ ՀԱՆԴԵՊ ԱՌԱՋՆԵՐՈՒՄ ԷԼ ԵՆ ՍԽԱԼՆԵՐ ԳՈՐԾԵԼ»
-Ըստ քաղաքական վերլուծաբանների` Ջավախքին այսօր սպառնում է Նախիջևանի ճակատագիրը: Համամի՞տ եք:
-Իհարկե, համամիտ եմ: Մի՛ կարծեք, թե վրացիները նույն բանը չեն անի Ջավախքում: Հողն այնպիսի բան է, որ ոչ ոք չի ուզում ձեռքից բաց թողնել: ՈՒ պահելու համար դիմում են ամեն քայլի: Երկիրը, հողը պահելու, ծաղկեցնելու համար պիտի ապրես, ստեղծագործես այդ հողի վրա, ծառ տնկես ու հզոր բանակ ունենաս: Իսկ Ջավախքի հարցը շատ լուրջ է: Երբեք չեմ պատկերացրել, որ վրացին կարող է հայկական եկեղեցի ավերել: Մտածում եմ` գուցե վրացին թուրքի հետ միևնույն սեղանի շո՞ւրջ է նստել, իրար հետ համաձայնությա՞ն են եկել: Պատմությունը վկայում է, որ վրացիները մեր հանդեպ առաջներում էլ են սխալներ գործել, և այդ սխալները կարող են կրկնվել: Ես զարմացա, որ Վրաստանը, լինելով փոքր պետություն, դուրս եկավ Ռուսաստանի նման հզոր պետության դեմ:
-Կարծում եք` իրականում Վրաստա՞նն էր դուրս եկել Ռուսաստանի դեմ, թե՞ Ամերիկան:
-Ամեն դեպքում դա էլ է, չէ՞, խելքի բան: Ինչո՞ւ Վրաստանը պիտի մտներ այդ խառնակչության մեջ: Փա՛ռք Աստծո, որ հայերը նման բան չեն անում:
-Այդ մասին օրեր առաջ «Արմենիա» հեռուստաալիքով խոսեց նաև վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին: Նա ցավ հայտնեց, որ իր ժողովուրդը թշնամացել է Ռուսաստանի հետ, և ասաց, որ հայերին նման բան չի սպառնում, որովհետև հայերն իմաստուն ժողովուրդ են ու կարողանում են գնահատել բարեկամությունը:
-Յուրաքանչյուր ազգի անցյալը, ներկան ու ապագան պատկերացնելու համար պիտի լսես նրա արվեստագետին: Արվեստագետը շատ խելացի է: Նա քաղաքականությամբ չի զբաղվում, բայց կարողանում է ճիշտ ընկալել իր շուրջը կատարվող անցուդարձը, որովհետև նրա մեջ իշխում են խաղաղությունը, հոգևոր արժեքները, նա կարողանում է տնօրինել Աստծո տված պարգևը: Կարծում եք` թուրքերի մեջ չկա՞ն մարդիկ, որոնք զգում են իրենց գործած մեղքը:
-Եթե չլինեին, այսօր 30000 թուրք ներողություն չէր խնդրի հայերից 1915-ի ցեղասպանության համար:
-Անշո՛ւշտ, այդպես է:
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆ ՉԷ»
-Տիկի՛ն Լուսիկ, ըստ Ձեզ` ինչպիսի՞ հատկանիշներով պիտի օժտված լինի Երևանի քաղաքապետը:
-Կուզենամ, որ լինի բարի, մարդասեր, իր քաղաքացիներին սատարող անձնավորություն: Կուզենամ, որ ձեռք մեկնի ու նեցուկ լինի բոլոր երևանցիներին` ամենահասարակ մարդուց մինչև ամենահարուստ օլիգարխը: Որովհետև օլիգարխն էլ ունի պաշտպանության կարիք, հոգևորի կարոտ: Նյութական հարստությունը դեռևս մարդկային երջանկության բավարար պայման չէ: Քաղաքապետը պիտի կարողանա կապող օղակ դառնալ հասարակության բոլոր շերտերի միջև, լուծել թե՛ քաղաքական խնդիրները, թե՛ քաղաքի խնամքի, կառուցապատման հարցերը: Եթե քաղաքապետը կարողանա այս բոլոր ծայրերն ի մի բերել, եթե մեր համաքաղաքացիները չապրեն իրենց երեխայի օրվա հացը հայթայթելու դժվար հոգսով, եթե մի քիչ նորմալանան աշխատավարձերը, եթե այդքան ծանր չլինի ուսանողների կրթության համար վճարելու խնդիրը, մեր հասարակությունն իսկապես իրեն լավ կզգա: Ես ուզում եմ, որ ղեկավարը լինի պարզ մարդ, որ նրա կողքին դու քեզ մարդ զգաս: Եթե նա վերևից է նայում մարդկանց, չես կարող այդ ղեկավարին հարգել:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3101

Մեկնաբանություններ